Իհարկե, շատ ավելի հայտնի է կռվախնձորի պատմությունը՝ Տրոյայի ժամանակներից: Բայց պարզվում է՝ լինում են շատ ավելի մութ ու անհայտ պատմություններ, քան աստվածներին մի խնձորի համար կռվացնելու ու Տրոյան կործանելու առասպելը: Մեր առասպելը բնավ պակաս չէ: Հայաստանի շուկաներում ադրբեջանական խնձոր է վաճառվում: Պետությունն անտեղյակ է՝ պարզվեց: ՈՒ ամենայն հավանականությամբ՝ այդ խձորը երկնքից է ընկել: Ավելի ճիշտ՝ խնձորները: Անհայտ քանակությամբ: Պաշտոնապես հաղորդվեց, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 3 օր շրջայցեր է կատարել՝ Երևանի ու մարզերի մեծ ու փոքր շուկաներում, պտուղ-բանջարեղենի խանութներում հայտնաբերել է ադրբեջանական ծագման խնձորի իրացման դեպքեր: Հայտնաբերել է, արգելել վաճառքն ու հանձնարարել ոչնչացնել։ 200 կգ խնձորի վաճառք արդեն արգելվել է, իսկ խնձոր գտնում են ու գտնում:
Ծառայության Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը չգիտի՝ որտեղից է Հայաստան ներկրվել Ադրբեջանում աճեցված խնձորը. «Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում նման ապրանքատեսակ, ադրբեջանական ծագման խնձորի թույլտվություն չի եղել Հայաստանի Հանրապետություն ներմուծելու: Եվ ընդհանրապես սահմանային պետական վերահսկողությանը չի էլ ներկայացվել նման ապրանքատեսակ»:
Իսկ խնձորները սև արկղերում, որոնց վրա գրված է «Product of Azerbaijan», չեն վերջանում: Հնարամիտ վաճառողները, իհարկե, պոկում են «DAD» ֆիրմային մակնշումը ու շարունակում հանգիստ վաճառել՝ երդվելով, որ ֆրանսիական է, կամ էլ՝ տեղական:
«DAD» ընկերությունը գրասենյակներ ունի Ադրբեջանում, Ռուսաստանում, Սաուդյան Արաբիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում, այսինքն՝ ներկրումը կարող էր կատարվել չորս երկրներից: Բայց սդրբեջանական խնձորից մաքսային ծառայությունը տեղյակ չէ։ ՊԵԿ-ի պաշտոնական պարզաբանման մեջ ասվում է, որ մաքսանենգության փաստը հստակեցված չէ, ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով: Այսքանը՝ դետեկտիվ մասը: Անցնենք՝ քաղաքականին: Եթե օրը ցերեկով Երևանում ու ամբողջ Հայաստանում անթաքույց հայտնվում են ադրբեջանական խնձորներ, վաղը ի՞նչ կարող է հայտնվել: Կա՞ որևէ կառույց, որ պատասխանատու է: Իհարկե, տարբեր կառույցներ՝ ամեն մեկն իր մասով հայտարարում է, որ շատ լարված աշխատում է, ուր որ է մեղավորներին կգտնեն ու հրապարակավ երևի կկախեն: Չհավատաք, կախաղաններ չեն լինելու: Ոչ այն պատճառով, որ ԵԽԽՎ անդամ ենք ու մահապատիժը վերացրել ենք կամ էլ շատ մարդասեր ենք, պարզապես ոչ ոք էլ չի գտնվելու, իսկ խնձորները կերել են ու ուտելու են՝ չմտածելով, որ կարող են թունավոր լինել: Ի՞նչ տարբերություն ինչ զենքով են հայերին խփում՝ Ռուսաստանից ու Իսրայելից, Բելառուսից ու Չինաստանից գնա՞ծ, թե՞ իրենց այգիներում աճեցրած: Սա ամենաիսկական դիվերսիա է, որը ոչ ոք չի կարողացել ու չի էլ ցանկանում կանխել: Պարզապես չի կարող ամբողջ մի պետություն մի քանի օր ուսերը թոթվել ու ասել՝ չգիտենք: Կամ էլ արդարանալ՝ պարզում ենք:
Ի՞նչն են պարզում՝ ո՞վ է խաբել, թե՞ ում են խաբել: Լաբորատորիաները մի քանի օր կուսումնասիրեն ու կպատասխանեն, որ խնձորները կյանքի համար վտանգավոր չեն՝ վստահ եղեք: Ադրբեջանի հետ պաշտոնական մակարդակում առևտուր չի կատարվում, իսկ Ռուսաստանի՞, Սաուդյան Արաբիայի՞, Արաբական Միացյալ Էմիրությունների՞, որ իրենց հերթին ներկրումներ են անում Ադրբեջանից: Չորս օրում երեք երկրից կատարված ներկրումները դժվա՞ր էր պարզել: Եթե մաքսակետերով չի անցել, ուրեմն մաքսանենգություն է: Շրջափակված Հայաստանն ունի ցամաքային երկու սահման՝ Իրանի ու Վրաստանի հետ: Եզրակացությունները յուրաքանչյուրը թող ինքնուրույն անի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հարց՝ ինչո՞ւ թուրքական ապրանքը վաճառում ու գնում ենք և աղմուկ չենք բարձրացնում: Կամ՝ երբեք Ադրբեջանի հետ առևտուր չե՞նք անելու: Գուցե անելու ենք, բայց ոչ այսպես ու ոչ հիմա: Չգիտեմ՝ այդ խնձորները վաճառողներն ու գնածները ինչպես, ես չեմ պատկերացնում, որ դա հնարավոր է ուտել՝ իմանալով ծագման վայրը: Կուլ չի գնա: Արյան համ է տալու: